Tuesday, June 3, 2014

Լույսի ուղղագիծ տարածման օրենքը

Համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղիղ գծերով։ Այս օրենքը հանդիպում է Էվկլիդեսին վերագրվող մի երկում 300 տարի մեր թվարկությունից առաջ և, հավանական է, որ այն հայտնի էր և կիրառվում էր շատ ավելի առաջ։ Այս օրենքի փորձնական ապացույց են կարող ծառայել կետային աղբյուրներով ստացվող կտրուկ ստվերների կամ փոքր անցքերի միջոցով ստացվող պատկերների դիտումները։ Մարմնի ուրվագծի և նրա ստվերի հարաբերությունը, երբ մարմինը լուսավորվում է լույսի կետային աղբյուրով այսինքն՝ այնպիսի աղբյուրով, որի չափերը շատ փոքր են նրա մինչև առարկան ունեցած հեռավորության համեմատությամբ համապատասխանում է ուղիղ գծերով կատարվող երկրաչափական պրոյեկտմանը ։

Լույսի ուղղագիծ տարածման օրենքը կարելի է համարել փորձով հաստատուն սահմանված։ Նա ունի շատ խոր իմաստ, որովհետև, ըստ երևույթին, ուղիղ գծի հասկացությունը ծագել է օպտիկական դիտումներից։ Ուղիղ գծի երկրաչափական հասկացությունը որպես ամենակարճ հեռավորությունը երկու կետերի միջև, հասկացություն է այն գծի մասին, որով լույսը տարածվում է համասեռ միջավայրում։ Սրանից է առաջացել անհիշելի ժամանակներից օգտագործվող լեկալի կամ շինվածքի ուղղագիծ լինելու ստուգումը տեսողության ճառագայթի միջոցով։ Նկարագրված երևույթի ավելի մանրազնին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ուղղագիծ տարածվելու օրենքը իր ուժը կորցնում է, երբ գործ ունենք շատ փոքր անցքերի հետ։

No comments:

Post a Comment